Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Հանրային գերակա շա՞հ», թե՞ քաղաքական հաշվեհարդար. ՀԷՑ-ի օտարման անպատասխան հարցերը

«Հանրային գերակա շա՞հ», թե՞ քաղաքական հաշվեհարդար. ՀԷՑ-ի օտարման անպատասխան հարցերը
01.10.2026 | 12:21

Օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագծի նոր հանրային լսումը։
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ա» կետով սահմանված են խնդրո առարկա հանդիսացող սեփականության օտարման սահմանադրական պայմանները, մասնավորապես՝ օտարումը պետք է կատարվի օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով։
Իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է հանրության գերակա շահի որոշման կարգը, ըստ որի՝
• ա) հանրության շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից.
• բ) հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.
• գ) հանրության գերակա շահից ելնելով սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը։
Հաջորդիվ օրենքում արդեն շարադրված են հանրային գերակա շահի հետապնդման նպատակներն ու ընթացակարգերը։
Հիպոթետիկ՝ եթե ես մասնակցեի վերոհիշյալ քննարկմանը, ապա ինձ մոտ առաջացած բազմաթիվ հարցերից մի քանիսն անպայման կուղղեի պատասխանատուներին.
• Ինչո՞ւ ՀԷՑ ՓԲԸ-ն հանրային գերակա շահի օբյեկտ չի դարձել 2018 թվականին, 2019 թվականին, 2020 թվականին, 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին, 2024 թվականին (կարող էի գրել «2018–2024 թթ.», բայց դե կրքոտ հռետորից եմ սովորել, ներե՛ք), այլ միայն այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը, լրագրողի հարցին ի պատասխան, ասաց. «Մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
• Ինչո՞ւ մինչև 2025 թվականի հունիսը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) գործընթաց չի նախաձեռնել՝ տարբեր պատճառներով ՀԷՑ ՓԲԸ-ն, հանրային գերակա շահով պայմանավորված, օտարելու վերաբերյալ։
• Ինչո՞ւ մինչև 2025 թվականի հունիսը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկում չի կազմակերպել՝ ՀԷՑ ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ հանրության ու սպառողների հավաքական կարծիքը լսելու և այնուհետև նախագիծ պատրաստելու համար։
• Ո՞ր չափորոշիչներով է ապացուցվել, որ այս դեպքում հանրության շահն իրապես գերակա է սեփականատիրոջ շահերից։
• Նայելով 2025 թ. հունիսից առ այսօր սպասարկման որակն ու անջատումների հաճախականությունը՝ ի՞նչ գնահատական ունեն ՀԾԿՀ-ն ու ՏԿԵՆ-ը, և արդյոք չե՞ն գտնում, որ գործընթացը հանրային շահի տեսանկյունից չի բխում հանրության շահերից, այսինքն՝ հանրության շահի արդյունավետ իրագործման մասին խոսք լինել չի կարող։
• Արդյո՞ք հանրության գերակա շահից է բխում այն հանգամանքը, որ ՀԷՑ ՓԲԸ-ի առանցքային պաշտոններում նշանակվել կամ նշանակվում են ոչ թե մասնագետներ, այլ հիմնականում իշխող կուսակցության ներկայացուցիչներ։
• Վերջերս մի հարցազրույցում Սամվել Կարապետյանն ասաց, որ շատ բարձր մակարդակով իր հետ խոսել են և առաջարկել, որ ամեն ինչ կլինի առաջվա պես, ՀԷՑ-ը հետ կվերադարձվի իրեն, եթե վերջինս հրաժարվի քաղաքական հայտ ներկայացնելուց (մեջբերումս բառացի չէ)։
• Նույն պատճառներով և հիմնավորմա՞մբ չէ արդյոք «Արարատցեմենտ» գործարանը հանրային գերակա շահ ճանաչվելու ճանապարհին։ Պարզ չէ՞, որ քաղաքական հայտ չներկայացնելու դեպքում և՛ «Արարատցեմենտը» հիշող չէր լինի, և՛ «Մուլտի վելնեսը» չէր անցնի Երևանի քաղաքապետարանին, և՛ խեղճ առյուծը կենդանի կլիներ, Ծառուկյանն էլ իր գործերին կլիներ։
Կարող ենք եզրահանգել, որ «օտարումը պետք է կատարվի օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով» եզրույթը իշխող կուսակցությունում մեկնաբանվում է յուրովի. մեզ հետ ես՝ հանրային գերակա շահ, ապօրինի գույքի վերադարձ, քրեական գործեր, ասֆալտին պառկեցնել, ծեփել-մեփել ու նման բաներ չկան. մեզ հետ չես՝ ժողովրդի ու հանրության շահը կդարձնենք գերակա, ինչ անում ենք՝ ժողովրդի համար է։
Եվ այս ամենն արդեն հատել է բոլոր հնարավոր սահմաններն ու կարմիր գծերը. այս ամենի մեղավորն ու պատասխանատուն պետք է հեռանա։

Սուսաննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ